«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի՝ «Էվերտոնի» հետ խաղում (6-0) 11 մետրանոցն իրացնելու հետ կապված դրվագի մասին։
«Ֆուտբոլիստները և թիմի անձնակազմը գիտեն, որ Քոուլ Պալմերը 11 մետրանոցը կանոնավոր իրացնողն է: Ես շատ, շատ վրդովված եմ այս իրավիճակից: Կարգապահությունը մեր թիմում ամենակարևորն է։ Մենք բոլորս համաձայն ենք, որ այն, ինչ Ջեքսոնը և Մադուեկեն արեցին, սխալ էր: Նրանք անփորձ ֆուտբոլիստներ են, երիտասարդ են։ Քոնոր Գալահերը շատ լավ արձագանքեց այդ դրվագում։
Մենք չենք կարող այսպես վարվել։ Մեր խնդիրն է ցույց տալ, թե որտեղ են սխալվում խաղացողները, որպեսզի նրանք կարողանան սովորել: Պատիժ չի լինելու, բայց դա չպետք է կրկնվի։ Եթե Պալմերը խաղադաշտում է, նա է 11 մետրանոցն իրացնում։
Նման խաղից հետո նման պահվածք դրսևորելն ուղղակի անհնար է։ Սա ցույց է տալիս, որ գործընթացը դեռ շարունակվում է։ Մենք դեռ շատ բան ունենք սովորելու։ Մենք հիանալի թիմ ունենք, որը պայքարում է մեծ նվաճումների համար։ Մենք պետք է փոխվենք և ավելի կոլեկտիվ մտածենք։
Կարծում եմ՝ այսօր մեր ֆուտբոլիստներն իրենց երեխաների պես պահեցին։ Երբ դա տեղի է ունենում, դուք պետք է սովորեք: Եվ արագ»,- մեջբերում է Պոչետինոյին ESPN-ը:
Այս խաղում լոնդոնյան ակումբը 11 մետրանոցի իրավունք էր ստացել։ Սակայն լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է ծագել։ Նիկոլաս Ջեքսոնը և Նոնի Մադուեկեն դժգոհ էին, որ Քոուլ Պալմերը ցանկանում էր իրացնել 11 մետրանոցը: Ջեքսոնն այդ դրվագում փորձեց գնդակը խլել Պալմերից, բայց արդյունքում հենց վերջինս էլ իրացրեց 11 մետրանոցը։