«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է այն լուրերը, թե «Վեսթ Հեմը» հետաքրքրված է «կարմիր սատանաների» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերի ծառայություններով։
«Մենք միշտ գոհ ենք եղել Հարիից, բայց նա ցանկանում էավելի հաճախ խաղալ:
Նա հիանալի առաջատար է, շատ լավ պաշտպան և հիանալի վերահսկում է գնդակը: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է, և մեզ պետք է, որ նա օգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Վեսթ Հեմը» պատրաստ է Մագուայերի տրանսֆերի համար վճարել 15 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 202 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
























































