Ֆրանսիայի սպորտի նախարարը դատապարտել է Մարսելում «Լիոնի» ավտոբուսի վրա հարձակումը։
Լիգա 1-ի 10-րդ տուրի «Մարսել» — «Լիոն» հանդիպումը հետաձգվել է հյուրերի և նրանց երկրպագուների ավտոբուսի վրա հարձակման պատճառով։ Ավտոբուսին քարերով հարվածել էին. «Լիոնի» մարզիչ Ֆաբիո Գրոսսոն և նրա օգնականը վնասվածքներ են ստացել ապակու բեկորներից։
«Կոտրված ավտոբուսներ, վիրավոր երկրպագուներ, արյունոտ «Լիոնի» մարզիչ Ֆաբիո Գրոսսոն… Այս ամենը զզվելի է։
Այս անընդունելի գործողությունները ժխտում են ֆուտբոլի և ընդհանրապես սպորտի արժեքները։ Բոլոր մեղավորները պետք է հայտնաբերվեն և խստագույնս պատժվեն։ Առաջին յոթ կասկածյալներն արդեն ձերբակալված են։
Նման լուրջ միջադեպերից հետո LFP-ի որոշումը՝ չեղարկել հանդիպումը, ճիշտ էր: Ես իմ աջակցությունն եմ հայտնում «Լիոնին» , մարզիչ Գրոսոյին և նրա օգնական Ռաֆայել Լոնգոյին, որը նույնպես դեմքի վնասվածք է ստացել։
Կարծում եմ՝ երկրպագուների ճնշող մեծամասնությունը ցանկանում էր այդ երեկո տոնակատարություն կազմակերպել տրիբունաներում, բայց այն ավերվեց, և դա անարդար է:
Նման գործողությունները, որոնք նշանավորվում են հիմարությամբ և ատելությամբ, սպորտի հետ կապ չունենալով, պետք է արմատախիլ արվեն մեծագույն վճռականությամբ բոլոր գործող դեմքերի կողմից՝ հասարակական և մասնավոր, ովքեր իսկապես սիրում են սպորտը և պետք է միավորվեն ավելի ուժեղ, քան երբևէ պաշտպանելու համար խաղը»,- գրել է Ամելի Ուդեան-Կաստերան: