«Մոնպելյեի» պաշտպան Մամադու Սակոյի և թիմի գլխավոր մարզիչ Միշել Դեր Զաքարյանի միջև վեճ է տեղի ունեցել մարզման ժամանակ, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սակոյին զայրացրել է այն, որ մարզիչը երկկողմանի խաղի ժամանակ իր նկատմամբ կանոնների խախտում չի արձանագրել։ Ի պատասխան՝ Զաքարյանը բղավել է ֆուտբոլիստի վրա և նրան «լացկան» է անվանել: Մարզիչը հասկացրել է՝ ֆուտբոլիստները չէ, որ պետք է որոշեն, թե երբ և ինչպես մարզվել։ Այս խոսքերին ի պատասխան Սակոն հրել է մարզչին և վերջինս ընկել է:
Սակոն «Պարի Սեն Ժերմենի» սան է, որի կազմում խաղացել է մինչև 2013 թվականը, իսկ հետո 19 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Լիվերպուլ»: 2016 թվականին Մամադուն դոպինգ սկանդալում է հայտնվել, որից հետո վարձավճարով տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»։ Մեկ տարի անց անգլիական թիմը նրան ձեռք է բերել 28,2 միլիոն եվրոյով:
Սակոն 2023 թվականի ամռանն է տեղափոխվել «Մոնպելյե»:
























































