Իտալացի լրագրող Դանիել Ռիոլոն սուր քննադատության է ենթարկել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ապրելակերպը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 4-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում պարտվել է «Նյուքասլին» (1:4): Մբապեն ընդամենը մեկ հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, մեկ անգամ անհաջող դրիբլինգ է կատարել և 51 անգամ դիպչել է գնդակին։
«Հիշում եմ Մբապեի՝ անցյալ տարի Նեյմարին ուղղված հայտնի արտահայտությունը. «Պետք է լավ սնվել, լավ քնել»:
Ժամանակավոր հեռացման պատճառով Կիլիանը սարսափելի նախապատրաստություն է անցկացրել նոր մրցաշրջանին ընդառաջ։ Երբ չափազանց վատ ես պատրաստվում, վերջում խաղադաշտում շատ ավելի քիչ բան է ստացվում:
Եթե կա մի տեղ, որտեղ Մբապեն դառնում է առաջատար, դա Փարիզի այլասերված երեկույթներն են: Նրա շրջապատում բոլորը խոսում են նրա հեղինակության մասին… Նա պետք է շատ զգույշ լինի, քանի որ ստիպված չի լինի երկար սպասել այս ապրելակերպի արդյունքներին»,- Ռիոլոյի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ութ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է ութ գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
























































