29-ամյա ֆրանսիացի պաշտպան Բենժամին Մենդին, որն այս ամառ է համալրել «Լորյանի» շարքերն ազատ խաղացողի կարգավիճակում, նորամուտն է նշել ֆրանսիական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Մոնակոյի» հետ Լիգա 1-ի 5-րդ տուրի խաղում (2:2): Սա ֆուտբոլիստի առաջին պաշտոնական խաղն է ավելի քան երկու տարվա ընթացքում:
Մինչ այս Մենդին վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2021 թվականի օգոստոսի 15-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղում, որում նրա նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Սիթին» պարտվել է «Տոտենհեմին» (0:1):
Մենդիի վերադարձը մեծ ֆուտբոլ «Լորյանի» երկրպագուները ողջունել են ծափահարություններով։ Ընդհանուր առմամբ, նրա նորամուտը կարելի է հաջող համարել․ Բենժամինի՝ խաղադաշտ դուրս գալիս թիմը 1:2 հաշվով պարտվում էր, սակայն ի վերջո կարողացել է խուսափել պարտությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Մենդին ազատվել էր բռնաբարության բոլոր մեղադրանքներից, և պաշտպանը, որի հետ նախկինում «Մանչեսթեր Սիթին» խզել էր պայմանագիրը, երկու տարվա պայմանագիր է կնքել «Լորյանի» հետ։