Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում Հայաստանն այսօր երեք ներկայացուցիչ կունենա:
Ժամը 12:30-ին կանանց 81 կգ քաշային կարգի B խմբում պայքարը կսկսի Լիանա Գյուրջյանը: Երեկոյան՝ 20:00-ից, մրցահարթակ դուրս կգան 87 կգ քաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում երկամարտի դեռևս միակ մեդալն ապահովել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ 312 կգ (142+170) արդյունքով դառնալով մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:
Աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: