ՉԼ-ի գավաթի խաղարկությունում մեկնարկում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
Ինչպես արդեն ականատես եղանք՝ բոլոր դիմակայությունների առաջին խաղերում որոշ չափով անակնկալներ գրանցվեցին: Այս շաբաթ հայտնի կդառնա քառորդ եզրափակչի 4 մասնակցի անուն:
Այսօր 2 ուղեգիր կվիճարկեն «Լայպցիգն» ու «Տոտենհեմը», «Վալենսիան» ու «Ատալանտան»:
«Լայպցիգ» — «Տոտենհեմ»
Ժոզեն առաջին խաղում սեփական հարկի տակ չկարողացավ ոչինչ առաջարկել գերմանական թիմին: Գումարած դրան՝ լոնդոնյան թիմը ԱՊԼ-ում անհաջող շրջան է անցկացնում: Բոլոր մրցաշարերում միասին վերցրած «Տոտենհեմը» չի հաղթում վերջին 5 անընդմեջ խաղում, նաև թիմը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից: Թիմը վերջին 5 խաղում կրել է 4 պարտություն, մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի: «Տոտենհեմը» զրկված է առաջատար հարձակվողներին օգտագործելու հնարավորությունից. Սոնն ու Քեյնը շարունակում են ապաքինվել վնասվածքից: Մյուս կողմից էլ ակումբում սկսել են անվստահություն հայտնել մարզչի հանդեպ, ինչն է՛լ ավելի է սրում Մոուրինյո-«Տոտենհեմ» հարաբերությունները:
Իդեալական վիճակում չէ նաև «ՌԲ Լայպցիգը»: Ակումբը Բունդեսլիգայի վերջին 2 խաղում չի կարողանում հաղթել ու նահանջել է երրորդ հորիզոնական: Երկար ժամանակ է, ինչ թիմը զրկված է Կևին Կամպլին ու Իբրահիմա Կոնատեին օգտագործելու հնարավորությունից, բայց այնպես է ստացվել, որ նրանց փոխարինողները հրաշալի են կատարում իրենց պարտականությունները, և նրանց բացակայությունը լուրջ կորուստ անվանել՝ մի փոքր ճիշտ չէ: Առաջին խաղում Վերների՝ 11 մետրից խփած գնդակը հաղթանակ պարգևեց գերմանական թիմին: Նագելսմանի թիմն ավելի շատ էր տիրում գնդակին ու ավելի վտանգավոր էր գրոհում: Այսպիսի պարագայում դժվար է պատկերացնել, թե Մոուրինյոն ինչ կարող է առաջարկել պատասխան խաղում՝ հաշվի առնելով առաջատարների բացակայությունը: Չնայած, մեկ անգամ չէ, որ Ժոզեն իր բարձր կարգը ցույց է տվել այսպիսի խաղերում: Դիմակայության ֆավորիտի կարգավիճակում «Լայպցիգը» կընդունի Մոուրինյոյին ու իր թիմին:
«Վալենսիա» ու «Ատալանտա»
«Ատալանտան» առաջին խաղում սենսացիոն՝ 4-1 հաշվով տնային հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ: Ընդհանրապես, իտալական թիմը բոլոր մրցաշարերում միասին վերցրած վերջին 7 խաղից 6-ում հաղթել է, մեկն ավարտել ոչ-ոքի: «Ատալանտան» այդ ընթացքում խփել է 30 գնդակ, իսկ սեփական դարպասում՝ ընդունել 10 գոլ: Թիմում բոլորը կազմ ու պատրաստ են: Առաջնությունում «Ատալանտան» 4-րդն է ու ռեալ հնարավորություններ ունի վերև բարձրանալու:
Ինչ վերաբերում է «Վալենսիային», ապա իսպանական թիմը դիմակայությունում անհույս վիճակում է:
Վերջին 7 խաղում թիմը 1 հաղթանակ ունի, Լա լիգայում Սելադեսի թիմը 7-րդն է: Թիմը լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում. Մանգալան ու Գարայը վնասվածքներ ունեն և չեն լինի նաև առաջիկա խաղում: «Վալենսիային» փոքր հույս կպարգևի արագ խփած գնդակը, սակայն այդքանը գիտակցում են նաև իտալական ակումբում։ Արդարության համար պետք է նշել, որ «Մեսթալիայում» խաղալը բոլորի համար բարդ է: Այս դիմակայությունում ֆավորիտն ավելի ակնառու է, սակայն «Վալենսիան» ի զորու է սենսացիա իրագործելու. ի վերջո, 3-0 հաշվով հաղթանակը կշեռքի նժարը կթեքի «Վալենսիայի» կողմը: Հայտնի է նաև, որ մրցակցի համար «դաժան» մթնոլորտն ապահովում են իսպանական թիմի երկրպագուները, սակայն երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի պատճառով խաղն անցնելու է առանց հանդիսականների: Այստեղ ևս շահեց «Ատալանտան»:
Արմեն Գարամյան