Միջազգային տարբեր լրատվամիջոցներ անդրադարձել են Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում տեղի ունեցած աշխարհի ծանրամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ազգային ավանդույթները, ակրոբատիկ ելույթները և լուսային շոուն տպավորություն են գործել ներկաների վրա:
IWF-ի նախագահ Մուհամմեդ Ջալուդը ողջույնի խոսքում ասել է, որ մինչ մրցումների մեկնարկը արդեն մի քանի ռեկորդ է սահմանվել IWF-ի պատմության մեջ։ Նախ՝ մասնակից երկրների թիվը 117 է, մարզիկներինը ՝ 719, սեպտեմբերի 12-ին սկսվելիք միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին ներկա պատվիրակների թիվը՝ 150 և վերջապես՝ մրցաշարի տևողությունը 14 օր է:
Նա վստահություն է հայտնել, որ կսահմանվեն համաշխարհային ռեկորդներ, քանզի Ռիադի ծանրահարթակ կելնեն բազմաթիվ օլիմպիական և աշխարհի չեմպիոններ: Նման պարագայում մրցակցությունը, անշուշտ, կոշտ է լինելու:
Այս ստուգատեսը ծանրորդների համար պարտադիր մրցումներից մեկն է օլիմպիական Փարիզի ճանապարհին և խաղերի մասնակցության միավորներ կվաստակեն արժանիները:
IWF-ի աշխարհի առաջնությունն առաջին անգամ է անցկացվում Սաուդյան Արաբիայում՝ սեպտեմբերի 4-17-ը։