«Փյունիկը» հայտարարություն է տարածել։
«Հաշվի առնելով «Փյունիկ»-«Բուդյո Գլիմտ» խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև տոմսերի վաճառքի հետ առաջացած բարդությունները, մեր ակումբը առաջին տեղում դնելով երկրպագուների շահերը՝ որոշում է կայացրել Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ մուտքը այս խաղի համար բոլոր երկրպագուների համար դարձնել անվճար։
Ներողություն ենք խնդրում բոլորից առաջացած անհարմարությունների համար ու հավաստիացնում, որ արդեն գնված տոմսերը կփոխհատուցվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք կապվել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեով։
Ֆուտբոլը առաջին հերթին երկրպագուների համար է»,- գրված է հայտարարության մեջ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ տուրի «Փյունիկ» — «Բուդյո Գլիմտ» խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 17-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
























































