Չեմպիոնների լիգայի եզրափակիչին տրիբունայից հետևելը ցանկացած երկրպագուի երազանքներից մեկն է։ Նույնը կարելի է ասել նաև մարզական լրագրողների մասին, որոնց մասնագիտական կարիերայի ամենամեծ նվաճումներից մեկը հենց Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գլխավոր խաղը հենց ստադիոնից լուսաբանելն է։ Armpsort-ը ևս այն երջանիկներից էր, որին հնարավորություն էր ընձեռվել լինելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալած Ստամբուլում։ Մեր նախորդ հովածում պատմել ենք նախաեզրափակիչային իրադարձությունների մասին։ Հիմա ներկայացնում ենք մեր ճամփորդության երկրորդ հատվածը։
Եզրափակիչի օրը Ստամբուլում տիրում էր նույն պատկերը՝ տեղացի բնակիչների մեծամասնության համար 2023 թվականի հունիսի 10-ը սովորական կիրակի էր, չկար տպավորություն, որ նրանք պատրաստվում են իրենց քաղաքային կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկին։ Տեղացիներից փորձեցինք հետաքրքրվել. ի՞նչն է պատճառը, որ ստամբուլցիներն այդքան անտարբեր են Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Գերթե բոլորը միաբերան պնդեցին, որ հասարակ մարդիկ պարզապես համակերպվել են այն մտքի հետ, որ կկարողանան տոմս գնել, քանի որ այն Թուրքիայի համար չլսված թանկ էր։ Եվ իսկապես. ամենահասարակ կատեգորիայի տոմսերը սկսում էին մոտավորապես 600 եվրոյին համարժեք լիրայից, ինչը միջին վիճակագրական ստամբուլցի բնակչի աշխատավարձի չափն է կամ նույնիսկ՝ ավելին։ Հետևաբար, ոչ բոլորն էին իրենց կարողանում թույլ տալ նման կարգի ճոխություն, ինչն, իհարկե, ցավալի էր։
Մինչև խաղը դեռ կար տևական ժամանակ այցելելու Ստամբուլի այլ հիշարժան վայրեր, օրինակ Սոֆիայի տաճարը, որը գտնվում էր քաղաքի արևելյան հատվածում։ Իհարկե, կար ցանկություն ներս մտնելու, սակայն մարդկանց բազմությունն այնքան մեծ էր, որ ներս մտնելու համար մենք ոչ միայն պետք է թողնեինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, այլև դիմեինք, օրինակ, երկրում մուտքի վիզայի երկարացման։ Բայց ճարտարապետական այս գլուխգործոցն, իրոք, արժեր տեսնել։ Սոֆիայի տաճարը նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար էր, հետո դարձավ օսմանյան մզկիթ։ Տաճարը կառուցվել է 6-րդ դարում։ Թեպետ այն հիմա թուրքական մզկիթ է, բայց միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորումը։ Ասում են, որ այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»։ Սոֆիայի ճարտարապետական յուրահատկությունն այն է, որ պատրաստված է փոքրիկ կերամիկական կտորների և ավազի համակցությամբ՝ մի եղանակ, որը համարժեք էր ժամանակակից բետոնին։
Տաքսի ծառայությունից օգտվելու ցանկություն կամ անհրաժեշտություն չկար։ Բոլորն ասում էին, որ նույնիսկ նման լայնամասշտաբ իրադարձության ժամանակ մետրոն պարզապես անփոխարինելի է։ Հատկապես որ տեղացիները վկայում էին, թե տաքսու վարորդը եթե հանկարծ իմանում է, որ դուք իր սիրելի թիմի երկրպագուն չեք կամ իր սիրելի թիմի հակառակորդ ճամբարից եք, ձեր բախտը, մեղմ ասած, չի բերի. նա ձեզ ժպտալով, ասել-խոսել-ուրախանալով կիջեցնի «ձեր ուզած» վայրը, նույնիսկ մեկ-երկու ցուցում կտա՝ ուր գնալ և ինչպես։ Ու միայն հեռանալուց հետո կհասկանաք, որ ձեր ցանկացած վայրից ոչ միայն հեռու եք, այլև ձեր կանգնած կետում աշխարհն ավարտվում է, առջևում անդունդն է։ Այնպես որ՝ զգույշ եղեք ստամբուլյան տաքսիներից։
Մետրոն էլ իր առանձնահատկություններն ունի։ Մշակութային դիսոնանսի մասին արդեն նախորդ հոդվածում շարադրել էի։ Դա հատկապես լավ երևում է ստորգետնյա երթուղայիններում։ Իրար կողքի կարող են նստել մինչև հոգու խորքը կարճ շրջազգեստով, մանուշակագույն մազերով, պիրսինգա-դաջվածքախեղդ եղած աղջիկն ու իր հասակակիցը (հավանաբար), որը մի քանի տակ փաթաթված է չադրայով, և երևում են միայն նրա աչքերը։ Իմ ուշադրությունը հատկապես գրավել էին հենց չադրաներով փաթաթված կանայք և աղջիկները, որոնք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին ընդառաջ, պիկ ժամին նստել էին մետրո, որտեղ մարդիկ բառի ուղիղ իմաստով հերթով էին շնչում, որպեսզի օդը հերիքեր բոլորին։ Բնականաբար նման ճխլտված պայմաններում ստադիոն հասնելու ճանապարհին մարդիկ մետրոյում իրենց կամքից անկախ հպվում էին իրենց դիմաց/կողքին/հետևում կանգնած ուղևորներին։ Իմ առջև կանգնած չադրայասեր կնոջն ամեն անգամ աննշան հպվելուց հետո երևում էր նրա զայրույթն ու նեղվածությունը, քանի որ դա իրենց կրոնին դեմ է, երբ օտար տղամարդն իրենց հպվում է։ Բայց այլ հնար չկար։ Ուստի, ես իմ կամքին հակառակ խախտեցի Ղուրանի օրենքներից մեկը, բայց այստեղ կա մեղմացուցիչ հանգամանք. Ղուրանը գրելու ժամանակ մետրոներ չկային, և այդ ժամանակ հայտնի չէր, որ 2023 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է անցկացվեր մահմեդական քաղաքում։
Այդպես զբոսնելով հասանք «Աթաթուրք» մարզադաշտը, որի հետ ծանոթությունը նախորդ անգամ հաջող չստացվեց (տես ՄԱՍ 1-ը)։ Բայց ես որոշել էի ստադիոնին ևս մեկ հնարավորություն տալ` ինձ զարմացնելու համար։ Գրեթե կասկած չունեի, որ ստամբուլյան մյուս ստադիոններից այն իր մթնոլորտով տարբերվելու է և լինելու է թույլ։ Թուրքիայի ամենահայտնի ստադիոնը՝ «Ալի Սամի Յենը», նույնիսկ մինչև այսօր անհասանելի է բոլոր մյուս խոշոր ստադիոնների համար։ «Ես չեմ հավատում, որ լեփ լեցում ստադիոնում ընդամենը 30 հազար հանդիսական էր», — «Գալաթասարայի» հետ արտագնա խաղից հետո սարսափահար պատմել է «Միլանի» լեգենդար ավագ Պաոլո Մալդինին։ Ստադիոնի պատին գրված էր «Բարի գալուստ դժոխք»։ Այդ ստադիոնում նույնիսկ մեր հավաքականն է խաղացել ու պարտվել 1-2 հաշվով։ «Ինձ դուր է գալիս այդ դժոխքը», — ասել է Մալդինիի հայրենակից, դարպասապահ Ջանլուկա Պալիուկան։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հյուրընկալած «Աթաթուրք» ստադիոնն իր չափերով, իհարկե, գերազանցում էր «Ալի Սամի Յենին». այն տեղավորում է մոտ 75.000 հանդիսական։ Միայն տեղ հասնելուց հետո հասկացա, որ նախորդ օրը քաղաքում վխտացող «Սիթիի» երկրպագուներն ստանալու են արժանի պատասխան. «Ինտերի» հազարավոր երկրպագուներ երգելով անցնում էին ստադիոնի հսկիչ-անցագրային կետերը՝ պարզ հասկացնելով, որ խաղի ժամանակ լռեցնելու են «Քաղաքաբնակների» ֆաներին, իսկ անգլիացիներին լռեցնելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Ստադիոնի բոլոր հնարավոր ու անհնար անցակետերն անցնելուց, ռենտգենային ստուգումից (որն այնքան մանրազնին էր, որ նույնիսկ ախտորոշում էր մարդկանց երիկամների քարերը) հետո վերջապես հասա իմ նստելատեղին։ Նստելուց հետո առաջինը, որ մտքիս եկավ, որոնողական համակարգում գտնել ստադիոնի ճարտարապետին ու տալ մի շատ կարևոր հարց։ Պարզվեց ճարտարապետը ոչ թե մեկն է, այլ երկուսը՝ Միշել Մակարին ու Այմերիկ Սուբլենան (ազգությամբ ֆրանսիացի)։ Հարցը, գուցե, հռետորական է, բայց հետևյալն է. «Ի՞նչ է սա»։
Բնականաբար, հասկանալի է, որ ստադիոնը տարողությունն ապահովելու համար անհրաժեշտ էր զբաղեցնել բոլոր հնարավոր ու անհնար քառակուսի սանտիմետրերը, սակայն ինչպես կարելի էր նման անհաշվենկատ տրիբունա սարքել։ Ներքևի տրիբունայի վերին նստարանին նստող երկրպագուները վերածվում էին վիզը թեք շախմատի ձիու. միայն այդկերպ էր հնարավոր տեսնել ստադիոնում ընթացող խաղը ու ձեռքի հետ էլ, աչքի տակով հետևել լուսատախտակին։ Ֆանզոնաների մոտով անցնելիս ցանկանում էինք գտնել Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուների, սակայն այդպես էլ, մինչև ստադիոն չհասանք, չգտանք։ Փոխարենը մարզադաշտի տրիբունայում մենք գտանք այն, ինչ փնտրում էինք՝ Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուի։
Խաղի մասին առանձնապես խոսելու ոչինչ չկա (այս հոդվածը դրա մասին չէ), բացումն էլ, հավանաբար, բոլորդ դիտել եք, այն իրոք շքեղ էր։ Սակայն կազմակերպչական առումով դարձյալ ձախողումները քիչ չէին։ Օրինակ, բեմահարթակ հավաքող և քանդող անձնակազմը, պարզվեց, խաղը դիտելու տեղ չուներ և նրանք տեղավորվեցին բառի ուղիղ իմաստով տրիբունաների կողքի աստիճաններին՝ փակելով երկրպագուների մուտքը դեպի սննդի կետեր։ Ես երբեք, որևէ ստադիոնում, նման դեպք չեմ հիշում։ Սննդի կետերում վաճառվող ուտելիքի մասին էլ…կարելի է լռել՝ մանուշակագույն ջրի մեջ լողացող նրբերշիկներն ու կասկածելի ծագում ունեցող հացերի մեջ դրված կասկածելի բաղադրությամբ քյաբաբները…լրիվ Մալաթիայի շուկայի գետնանցում։
Խաղից բարդ էր բավականություն ստանալը, քանի որ այն այնքան էլ հետաքրքիր չէր, իսկ ահա երկու թիմերի երկրպագուներին հետևելը մեծագույն հաճույք էր։ Հատկապես տպավորիչ էին «Ինտերի» երկրպագուները։ Տրիբունաների 70 տոկոսն առնվազն ՈՒԵՖԱ-ն տրամադրել էր երկու թիմերի ֆաներին, որոնք ողողել էին դրանք իրենց գույներով և ակտիվորեն աջակցում էին իրենց սիրելիներին։ Ի դեպ, ես սպասում էի, որ Մխիթարյանի՝ դաշտ մտնելու ժամանակ թուրք երկրպագուները կսուլեն նրան։ Գուցե և այդպիսիք եղան, սակայն «Ինտերի» երկրպագուների ոգևորության ու հուսահատության վերջին ճիչերը խանգարեցին դրանց։
Խաղից հետո, երբ կոտրվել էին մեր բոլոր հույսերը, տունդարձի ճանապարհին արդեն տեսանք սովորական դարձած կադրեր՝ ուրախությունից անվերջ ճչացող, չափից շատ ալկոհոլից արդեն գիտակցությունը կորցրած, խիղճն ուրացած անգլիացի երկրպագուներ և արտասվող ու անվերջ հայհոյանքներ օգտագործող իտալացի տիֆոզիներ։ Զարմանալի է ու լավ է, որ ամբողջ 3 օրվա ընթացքում երկրպագուների միջև որևէ բախում չտեսանք, ամեն ինչ շատ քաղաքակիրթ մակարդակի վրա էր։
Այս ուղևորությունը չի կարելի դասել իմ լավագույնների շարքին մի քանի պատճառներով։ Տունդարձի ճանապարհին ցանկանում էի ամեն կերպ մոռանալ այս գործուղման մասին, բայց ինձ հույս էի տալիս, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, մինչև չբախվեցի մի թուրք ոստիկանի, որն ինձ այդպես էլ չկարողացավ բացատրել՝ ինչպես կարող եմ լիցքավորել իմ մետրոյի քարտը, երբ լիցքավորման սարքը դրամային քարտ չէր սպասարկում։ Հերթական անգամ ինձ հետ թուրքերեն խոսելուց հետո բարձր հոգոց հանեցի, ինչին ի պատասխան ինձ ասաց «զխկում» և մի շարք այլ թուրքերեն բառեր։ Բնկանաբար, բորբոքվեցի, սկսեցինք հաշիվ պարզել, մինչև ինձ չմոտեցան անգլիացի ֆաներ, որոնք նույնպես ունեին նման խնդիր։ Զգալով, որ մենք շատ ենք, իսկ ոստիկանը՝ մենակ, նա օգնության կանչեց իր օգնականներին, որոնցից մեկը անգլերեն էր հասկանում։ Երբ իմացավ, որ հայ եմ, 1000 անգամ ներողություն խնդրեց, ուղեկցեց, օգնեց լիցքավորել իմ մետրոյի քարտի հաշիվը, ինձ ճանապարհեց մինչև գնացքը, հետո միայն անցավ իր պարտականությունների կատարմանը։
Թվում էր՝ ամեն ինչ այս գործուղման ընթացքում արդեն տեսել էի, սակայն օդակայանում դեռ սպասում էին ռամադանում գտնվող, սպասասրահներում սավաններով փաթաթված կիսամերկ տղամարդիկ և անսարք ինքնաթիռ, որը սկզբում ուշացրեց թռիչքը մոտ 30 րոպեով, սակայն հետո իր մեջ արթնացրեց թուրք Միխայել Շումախերին ու բարեհաջող հասցրեց Թբիլիսի 1 ժամ 28 րոպեում։
Ռոբերտ Գասպարյան