Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններից ավելի քան 400 երեխա էր հյուրընկալվել ԵՕՀՊՄ քոլեջում։
Մայրաքաղաքի 12 համայնքների հանրակրթական դպրոցների աշակերտներով համալրված վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի և ֆուտբոլի շուրջ 48 թիմեր պայքարել են ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթի համար։ Հաղթող թիմերը հատուկ մրցանակ՝ հեծանիվ, ստացել են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից:
Մինչ մրցանակներ հանձնելը՝ ՀԱՕԿ-ի նախագահը ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քոլեջի հերոս մարզիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի առաջ։
Ողջունելով ներկաներին՝ Գ․ Ծառուկյանը շնորհավորել է երեխաներին տոնի առիթով, մաղթել անհոգ մանկություն։ Նա իր խոսքում ընդգծել է, որ պետք է երեխաներին հնարավորություն տալ բացահայտել իրենց տաղանդը, որ հաղթող ճանաչվեն և բարձր պահեն հայրենիքի պատիվը։
Հավելենք, որ տոնի առիթով ԵՕՀՊՄ քոլեջը հյուրընկալել էր նաև հայկական մարզաշխարհի անվանի մարզիկների, ովքեր էլ մասնակցեցին մրցանակաբաշխությանը։
Աղջիկների վոլեյբոլի մրցաշարի եռյակում տեղ են գտել հաջորդաբար Մալաթիա – Սեբաստիա, Ավան, Շենգավիթ համայնքների թիմերը, հանդբոլիստուհիներինը՝ Դավթաշենի, Շենգավիթի, Նոր Նորքի ներկայացուցիչները:
Տղաների ֆուտբոլի և բասկետբոլի մրցանակային եռյակները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Նորք- Մարաշ, Դավթաշեն, Ավան և Մալաթիա –Սեբաստիա, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջաններ:
ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի ուղեկցությամբ Գագիկ Ծառուկյանը շրջայց է կատարել քոլեջի թանգարանում: