ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանության է արժանացրել մասնավորեցման ցանկից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը հանելու և այն ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը հանձնելու վերաբերյալ որոշման նախագծին:
Մարզահամալիրը կհիմնանորոգվի և կստեղծվի հավաքական թիմերի մարզման կենտրոն։ Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ:
Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` հանրապետությունում այս պահին կա թիմերի հավաքների համար երկու հնարավորություն՝ Ծաղկաձորի մարզական բազան ու Օլիմպավանը, երկուսն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ, այդ պատճառով հաշվի առնելով հավաքականների տարբեր ուղղություններով գրանցած հաջողությունները, առաջարկվում է ստեղծել նոր մարզական կենտրոն։
«Այս տեմպը պահանջում է նոր ենթակառուցվածքներ։ Այս պահին 12 մարզադպրոց ու մարզական համալիր կառուցելու գործընթացում ենք։ Նման ենթակառուցվածք ունենալն էլ թույլ կտա ամրապնդել ու ամբողջական մոտեցում ձևավորել մեր հավաքականների պատրաստման ու լավ արդյունքների գրանցման համար»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։