Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած և հաղթող ու մրցանակակիր դարձած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց անձնական մարզիչներին։
Ողջունելով ու հաղթանակի առթիվ շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին ՝ մարզպետը նշել է, որ մեծ ուրախությամբ է հետևել առաջնությանն ու առանձնակի ոգևորությամբ` տոնել հաղթանակները:
«Հարգարժան մարզիչներ, շատ սիրելի մարզիկներ ողջունում եմ ձեզ, անչափ ոգևորիչ ու հպարտություն ներշնչող հանդիպում է սա, քանզի մեկ հարկի տակ ենք հավաքել այն մարդկանց, ում շնորհիվ հայոց եռագույնը նորից ծածանվեց, հայոց հիմնը նորից հնչեց ամբողջ աշխարհի մարզասերների առջև։ Մեր երկրում առաջին անգամ կազմակերպված Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը կրկնակի ոգևորիչ էր, քանզի թե առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով և թե մեր մարզիկներն աչքի ընկան մարզական բարձր նվաճումներով։ Շիրակ աշխարհում ծանրամարտը եղել և մնում է ամենահեղինակավոր մարզաձևերից մեկը։ Ձեր ելույթներով մեր ազգին պարգևեցիք անմոռանալի պահեր և վերահաստատեցիք հայ ծանրամարտի ավանդույթները։ Ինձ համար ձեր քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է, քանզի եթե ամեն ոք իր գործին մոտենա այսքան պատվախնդրորեն ու պատասխանատվությամբ՝ հաջողած կլինենք շատ բնագավառներում»,- ասել է Մուշեղ Մուրադյանը:
Մարզիչներն ու մարզիկները շնորհակալություն են հայտնել ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար և նշել, որ իրենց համար կարևոր է, երբ զգում են քաջալերանք ու աջակցություն իշխանությունների կողմից, ինչը նոր նվաճումների է տանում։
Մարզպետը նաև շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել մարզիկներին ու մարզիչներին՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Վարազդատ Լալայանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանին, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի 2023-ի առաջնության մրցանակակիր Սամվել Գասպարյանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյանին, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանին և նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանին, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Արա Աղանյանին ու նրա մարզչին՝ Հովհաննես Շահնազարյանին, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր Ռաֆիկ Հարությունյանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Գրիգորյանին։
ՀՀ անկախությունից հետո օլիմպիական խաղերում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Շիրակի մարզի ծանրորդները նվաճել են 213 մեդալ, այդ թվում 77՝ ոսկե, 82՝ արծաթե և 54՝ բրոնզե։ 213 մեդալից 45-ը՝ 17 ոսկե, 19 արծաթե և 9 բրոնզե, նվաճել են հանդիպման մասնակից 5 մարզիկները՝ Վարազդատ Լալայանը, Սամվել Գասպարյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Գարիկ Կարապետյանը և Արա Աղանյանը։
Սեպտեմբերի 2-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: