Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած մեր հինգ ըմբիշներից երկուսը պայքարը շարունակում են կիսաեզրափակչում:
77 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակչի ուղեգրի համար կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի հետ: Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում տուշեով (7:0) առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ կիսաեզրափակչում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ: Պողոսյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ:
Հայ մարզիկների կիսաեզրափակիչ գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 18:45-ից և կցուցադրվեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում: