Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ):
Մրցումներից հետո մարզուհին լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Այս առաջնությունում կարողացա անել այսքանը, բայց միայն այս պահի դրությամբ: Արել եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ: Ամեն դեպքում ես գոհ եմ իմ արդյունքից»,- ասել է Տաթև Հակոբյանը:
Տաթև Հակոբյանն անդրադարձել է նաև Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգի հետ դիմակայությանը, որը երկամարտի 253 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Ֆրանսիացի մարզուհին փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:
«Իհարկե, այս պահի դրությամբ ֆրանսիացուն հասնել հնարավոր չէր: Բայց անհնարին ոչին չկա»,- ընդգծել է հայ մարզուհին:
Տաթևը նաև խոստովանել է՝ հայրենիքում հանդես գալն իրենց ուժ է տալիս. «Հայրենի հողը մեզ ուժ է տալիս»: