Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 16-ամյա Էմմա Պողոսյանը, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, խոստովանում է՝ կարող էր ավելին անել.
«Ցուցադրածս արդյունքից այդքան էլ գոհ չեմ, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ էի բարձրացնում: Կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի հաջորդ մրցումներում ավելի լավ հանդես գամ: Մի քիչ վստահության պակաս կար, կարծում եմ՝ դա խանգարեց: Երկրպագուները շատ էին ոգևորում մեզ, բայց չստացվեց»,- ասում է մարզուհին:
Հիշեցնենք՝ Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնության աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց էին տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ): Պողոսյանն ասում է՝ եթե Երևանում էլ կարողանար նույն քաշերը բարձրացնել, բրոնզե մեդալ կնվաճեր.
«Չկարողացա լավ վերականգնվել: Շատ ուրախ էի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Ցավոք, չստացվեց ցույց տալ այն, ինչ կարող էի»:
Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝121 կգ-ն: 16-ամյա մարզուհին երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ)՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: