Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Աննա Ամրոյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B ենթախմբում երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) 6-րդ տեղում է:
Պոկում վարժությունում հայ մարզուհին հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցումների համար Աննան 91 կգ է պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել:
Հրում վարժությունում Աննան հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով նախ 107, 113 և 117 կգ կշռող ծանրաձողերը:
B ենթախմբում լավագույն արդյունքը ցույց է տվել լիտվացի մարզուհին ՝ երկամարտի 220 կգ արդյունքով:
Ժամը 17:30-ից 81 կգ քաշայինների կարգում կմեկնարկեն A խմբի մրցումները և կամփոփվեն արդյունքները: Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Լիանա Գյուրջյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի թիմն արդեն 5 մեդալ է նվաճել երկամարտում: 67 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Գոռ Սահակյանը՝ նաև փոքր ոսկե մեդալներ նվաճելով պոկում և հրում վարժություններում:
Կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրավել է 3-րդ տեղը:
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճել են 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը: