Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը NEWS․am Sport-ի հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ ասուլիս հրավիրած Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների արած հայտարարություններին․
«Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լեւոն եւ Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին: Այդ ասուլիսում ես տղամարդկային խոսակցություն չտեսա, հակառակ դեպքում շատ բան կունենայի ասելու: Միայն մի քանի բան կասեմ. երբ ես Արսենին Հայաստանի առաջնությունում հաղթեցի, դրանից հետո Լեւոն Ջուլֆալակյանի որոշմամբ մենք երկու անգամ գոտեմարտեցինք՝ որոշիչ մրցաշարում: Մեկ անգամ էլ ստուգողական գոտեմարտ ենք անցկացրել՝ իրենց ուզած վայրում եւ օրը: Այս բոլոր դեպքերում ոչ մի անգամ չեմ հրաժարվել պայքարից: Այդ բոլոր գոտեմարտերում մեր հանդիպումն Արսենի հետ ավարտվել է իմ հաղթանակով: Մեր միջեւ տեղի է ունեցել 4 գոտեմարտ, չորսում էլ հաղթել եմ ես:
Իսկ այժմ, երբ հավաքականի մարզիչները երկու անգամ նրան հնարավորություն են տալիս չափելու ուժերը ինձ հետ, նա հրաժարվում է: Առաջին հնարավորությունը Հայաստանի առաջնությունն էր, երկրորդը՝ Նիցայի մրցաշարը: Երկու դեպքում էլ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է, այն դեպքում, երբ Լեւոն Ջուլֆալակյանի ժամանակ որոշիչ էր նշանակվում, ես ոչ մի դեպքում չէի հրաժարվում:
Միայն մի բանից եմ զարմացած. ինչպես կարող է պատկառելի տարիքի մարդը եւ Ազգային Ժողովի պատգամավորը այդքան սուտ խոսել:
Փաստ. ես 4 անգամ հաղթել եմ Արսենին, որից երկուսը միջազգային մրցաշարում: Ասուլիսում նշվեց միայն Հայաստանի առաջնության եզրափակիչը:
Ես 2016-2020 թվականներին նվաճել եմ Եվրոպայի երկու բրոնզե մեդալ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալ, իսկ իմ այդ նվաճումների մասին ասուլիսում նորից չնշվեց:
Զարմացած եմ, թե պատկառելի տարիքի մարդն ու ԱԺ պատգամավորը ինչպես կարող են այդքան սուտ խոսել: Ինչ վերաբերում է Արսենին թունավորելուն կամ վնասվածք հասցնելուն, ուղղակի ծիծաղելի է եւ մեկնաբանության ենթակա չէ»,-ասել է Կարապետ Չալյանը։