Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին փոխել է իր կարծիքն Արքայական ակումբում կարիերան ավարտելու մասին։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում իտալացին հայտարարեց, որ կավարտի մարզչական աշխատանքը Մադրիդի «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածից հետո:
«Ասե՞լ եմ, որ կարիերաս կավարտեմ «Ռեալում»… Դե, այսօր ես հրաժարվում եմ այս խոսքերից: Մենք չենք մտածում ապագայի մասին, խաղացողները չեն մտածում նոր պայմանագրերի մասին։
Մեր ուշադրության կենտրոնում են «Վալյադոլիդը», «Բարսելոնան» և «Չելսին»: Իմ ապագա՞ն․․․ Ինձ չեն զարմացնում խոսակցությունները, ինձ բացարձակապես չի անհանգստացնում դա։ Ես կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ ակումբն ինձ թույլ կտա։ Մրցաշրջանի մնացած երկու ամիսներին մենք կփորձենք ինչ-որ բան հաղթել։ Հուսով եմ, որ դրանից հետո կմնամ հաջորդ մրցաշրջանում։
Բրազիլիայի հավաքականը ուզում է ինձ նշանակե՞լ գլխավոր մարզչի պաշտոնում: Հիանալի է, ես շատ ուրախ եմ դրա համար, բայց ցանկանում եմ ավարտել պայմանագիրս «Ռեալի» հետ»,- ասել է Անչելոտին «Վալյադոլիդի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Անչելոտիի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։