ՀՀ կառավարությանն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ 4,8 մլն դրամ տրամադրելու որոշման նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար:
Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր, ինչի արդյունքում լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել:
Լրացուցիչ ֆինանսավորումը կհատկացվի ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ի համար նախատեսված հատկացումների շրջանակում՝ վերաբաշխում կատարելով:
Հիշեցնենք՝ առաջնության բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: