Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը հունվարի 16-ից 2-շաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում:
Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հավաքին 18 ծանրորդ է մասնակցում՝ Սիմոն Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը,Կարեն Մարգարյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Հակոբ Մկրտչյանը, Գառնիկ Չոլակյանը, Սամվել Գասպարյանը, Արա Աղանյանը, Յաշա Մինասյանը, Վարզադատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը, Գոռ Սահակյանը, Սուրեն Գրիգորյանը և Արմեն Գրիգորյանը:
«Առավելապես կարևորում ենք ապրիլի 15-ին Երևանում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունը: Մեր ծանրորդների մրցելույթների համար մեծ պատասխանատվություն ենք կրելու մարզասերների առջև, քանզի նրանք են մեր հիմնական քննադատները, թիմի նախապատրաստական ամբողջ ընթացքը գնահատողները: Նշանակում է մարզումներում ուշադրության կենտրոնում պետք է պահենք տղաների հետ տարվող անհատական աշխատանքները »,- Փաշիկ Ալավերդյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: