«Բարսելոնա» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Տոմա Մենյեի և «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարի ծառայություններով: «Բարսան» փնտրում է համարժեք գնով հուսալի պաշտպան, որը կարող է այս դիրքում խաղալ առնվազն երկու մրցաշրջան։
«Բարսելոնայում» երկար ժամանակ վերլուծել են շուկան և եկել այն եզրակացության, որ աջ պաշտպանների տրանսֆերային գները չափազանց բարձր են։ Չավին ամենաշատը հավանել է արգենտինացի Խուան Ֆոյին, սակայն «Վիլյառեալը» չի ցանկանում բանակցել և նրա համար պահանջում է 54,6 միլիոն եվրո։
«Բարսան» հետաքրքրված էր Դիոգո Դալոտի ծառայություններով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» միակողմանիորեն երկարաձգեց պայմանագիրը ֆուտբոլիստի հետ մեկ տարով, և այժմ հնարավոր տեղափոխության համար պետք է բանակցել անգլիական ակումբի հետ։
Ինչ վերաբերում է Մենյեին, ապա բելգիացին կողմ է կատալոնական ակումբ տեղափոխությանը։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև Պավարին, սակայն մտահոգված է այն փաստից, որ ֆուտբոլիստը հաճախակի կոնֆլիկտներ է ունեցել մյունխենյան ակումբում։