Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Հֆֆ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը.
«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»,- ասել է լեգենդար դարպասապահը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու արտագնա հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ:
Այս խաղերին նախապատրաստվելու համար Բերեզովսկին 25 ֆուտբոլիստ է հրավիրել հավաքական:
Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: