Թուրինի «Յուվենտուսի» եկամուտները նախորդ ֆինանսական տարվա համեմատ ավելացել են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելուց հետո:
2019-ում թուրինցիները վաստակել են 44,02 մլն եվրո, մեկ տարի առաջ՝ 27,79 մլն: Ատրիբուտիկայի վաճառքի հետ կապված ծախսերը 2018 ֆինանսական տարվա համեմատ աճել են 11,46-ից մինչև 17,5 մլն եվրո:
Այսպիսով, ատրիբուտիկայի վաճառքից «Յուվեի» շահույթն աճել է 10,2 մլն եվրոյով՝ 16,32-ից հասնելով 26,52 մլն եվրոյի:
2018/19 ֆինանսական տարում թուրինյան ակումբը վաճառել է 1 315 000 մարզաշապիկ։ Այս ցուցանիշով իտալական ակումբը 10-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, հաղորդում է Calcio e Finanza-ն՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ը: Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է (4 950 000 վաճառված մարզաշապիկներ), որը գերազանցում է «Լիվերպուլին» (3 943 000) և «Բավարիային» (3 475 000): Լավագույն տասնյակում են նաեև «Ռեալը», «Բարսելոնան», «Չելսին», «Բորուսիան», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»:
45 երկրներում անցկացված ielsen Sports-ի հետազոտության համաձայն ՝ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի մայիսը «Յուվենտուսի» երկրպագուների թիվն ավելացել է 38 միլիոնով և այժմ կազմում է 423 միլիոն: Այս ցուցանիշով թուրինցիները 11-րդ տեղից բարձրացել են 8-րդ տեղ: Facebook, Instagram, Twitter, YouTube սոցիալական ցանցերում ավելացել է նաև «Յուվեի» բաժանորդների թիվը: 2018 թվականի հունիսին ակումբի սոցիալական ցանցերին բաժանորդագրվել է ավելի քան 50,4 միլիոն մարդ, որը հիմա ընդհանուր կազմում է 84,8 միլիոն: Սա չորրորդ ցուցանիշն է աշխարհում «Ռեալից» (249 միլիոն), «Բարսելոնայից» (246,1 միլիոն) և «Մանչեսթեր Յունայթեդից» (129,9 միլիոն) հետո: