Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն մեկնաբանել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի առողջական վիճակը: Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Շվեդիայի հետ խաղում դարպասապահը վնասվածք ստացավ ու 60-րդ րոպեին լքեց խաղադաշտը: Նրան փոխարինեց Կեպա Առիսաբալագան:
«Դավիդն ուժեղ մկանային ցավ էր զգում, բայց ընդմիջմանն օգնություն ստացավ բժիշկներից ու ցանկություն հայտնեց մնալու խաղադաշտում, ուզում էր շարունակել խաղալը:
Դե Խեան մեզ խոսք տվեց, բայց արդյունքում չկարողացավ շարունակել հանդիպումը», – Մորենոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Իսպանիայի հավաքականը 50-րդ րոպեին գոլ ընդունեց Շվեդիայից, բայց խաղավարտին կարողացավ հավասարեցնել հաշիվն ու ապահովել Եվրո-2020-ի ուղեգիրը: Իսպանացիները կարողացան մինչև ընտրական փուլի ավարտը 20 միավոր հավաքել և արդեն չեն կարող իրենց խմբում 2-րդ տեղից ցածր լինել: