Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն Արարատ-Արմենիան կմրցի էստոնական Պայդեի հետ:
Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը:
«Բնականաբար պատրաստ ենք վաղվա խաղին: Իմ գլխավորությամբ սա մեր առաջին պաշտոնական խաղն է: Թիմի առջև դրված է առաջադրանք դառնալ գալիք առաջնության չեմպիոն, իսկ Կոնֆերենցիաների լիգայում՝ հնարավորինս առաջ գնալ: Իմ համոզմամբ, հայկական ակումբների՝ խմբային փուլում հանդես գալու համար մեծ նշանակություն ունի նաև վիճակահանությունը, բայց առաջ չընկնենք ու խոսենք միայն վաղվա խաղի մասին:
Կատարած սելեկցիան ինձ այս պահին բավարարում է: Չի բացառվում, որ ունենանք ևս մեկ համալրում: Իհարկե, ավելի հավանական էր, որ մեր մրցակիցը լիներ Թբիլիսիի Դինամոն, բայց ֆավորիտները լինում են միայն թղթի վրա ու Պայդեն ապացուցեց, որ ամուր թիմ է»,-ասաց Բիչախչյանը:
Խաղը կկայանա հուլիսի 21-ին և կսկսվի 19:00-ին:
























































