Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում մրցեց ռումինական «Կլուժի» հետ: Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը ոչ-ոքի գրանցեցին: 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ էին «Փյունիկի» ֆուտբոլիստները:
«Կլուժը» Ռումինիայի առաջնության ամենաթանկարժեք կազմ ունեցող երկու թիմերից մեկն է։ Ըստ Transfermarkt-ի, թիմի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է ավելի քան 28,9 մլն եվրո, որը երկրորդ ցուցանիշն է՝ «Ստյաուայից» (FCSB) հետո (34,08 մլն եվրո)։ Առաջնության մյուս ուժեղագույն թիմերը նմանատիպ ցուցանիշով 2-3 անգամ զիջում են այս դուետին։
Իսկ ահա համեմատության համար նշենք, որ «Փյունիկի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 6,14 մլն եվրո։
Դրակուլայի հայրենիքը ներկայացնող թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը ռումինացի պաշտպան Անդրեյ Բուրկան է, ում տրանսֆերային արժեքը կազմում է 4 մլն եվրո։ Ընդհանրապես, «Կլուժի» կազմում 10 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 մլն եվրոյի շեմը։ Եթե նորից համեմատական տանենք Հայաստանի չեմպիոնի հետ, ապա, հայկական թիմում ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները առավելագույնը կազմում են 350 հազար եվրո (Սերգեյ Վակուլենկո, Մարյան Ռադեսկի)։
11 մետրանոց հարվածաշարերում մեր թիմն ավելի դիպուկ գտնվեց, ինչի շնորհիվ Հայաստանի չեմպիոնը դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ: Հաջորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որն առաջին փուլում հաղթահարեց ալբանական «Տիրանայի» արգելքը` հաղթելով երկու խաղերում 1-0 և 2-1 հաշվով։
























































