Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հաստատել է եվրագավաթների գալիք մրցաշրջանի մրցանակային հիմնադրամը։ Մրցաշարերի մասնակիցներն ընդհանուր առմամբ կստանան 3,5 միլիարդ եվրո, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Այդ գումարի մեծ մասը կուղղվի Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբների վճարումներին։ Որակավորման փլեյ-օֆֆի փուլ հասած թիմերը կստանան հինգ միլիոն եվրո։ Խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները կստանան երաշխավորված 15,64 միլիոն եվրո, Չեմպիոնների լիգայի խմբում յուրաքանչյուր հաղթանակ կբերի 2,8 միլիոն, ոչ ոքին՝ 930 հազար եվրո։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս եկող թիմերը կվաստակեն 9,6-ական միլիոն, քառորդ եզրափակիչի մասնակիցները՝ 10,6 միլիոն, կիսաեզրափակչի մասնակիցները՝ 12,5 միլիոն, մրցաշարի եզրափակչի մասնակիցները կստանան 15,5-ական միլիոն, իսկ Չեմպիոնների լիգայի հաղթողը կկարողանա համալրել իր բյուջեն ևս 4,5 մլն եվրոյով։
Եվրոպա լիգայի մրցանակային ֆոնդը կկազմի 465 միլիոն, Կոնֆերենցիաների լիգայինը՝ 235 միլիոն, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղի մասնակիցները կվաստակեն 3,5-ական միլիոն, իսկ հաղթողը կհարստանա ևս մեկ միլիոնով։
Ռուսական ակումբները չեն մասնակցի եվրագավաթների նոր մրցաշրջանին։