Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը խոսել է ԱԱ-2006-ի եզրափակչի մասին։
Կիսապաշտպանն այդ խաղի 7-րդ րոպեին բացեց Իտալիայի դեմ հանդիպման հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ ավելի ուշ Մարկո Մատերացիի կրծքավանդակին գլխով հարվածելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Ֆրանսիացիները 11-մետրանոց հարվածաշարում զիջեցին մրցակցին, իսկ Զիդանն ավարտեղ խաղացողի կարիերան։
«Դա Ֆրանսիայի հավաքականի կազմում իմ լավագույն խաղերից մեկն էր։ Իսկ ես վնասվածքով էի խաղում։
1/8 եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում վնասվածք էի ստացել մեր թիմի 3-րդ գոլը խփելիս։ Ազդրիս հետ կապված խնդիրներ ունեի։ Ոչ ոք այդ մասին չգիտեր։
Գնացի բուժզննման ու ասացին, որ Բրազիլիայի դեմ չեմ խաղա։ Ես ասացի․ «Ի՞նչ։ Ես չեմ կարող չխաղալ Բրազիլիայի դեմ»։
Բուժաշխատողները հնարավոր ամեն բան արեցին, որ ես խաղադաշտ դուրս գայի, որովհետև շատ էի ուզում։ Եվ ես խաղացի։
Ցանկացած խաղ կարող էր վերջինը դառնալ ինձ համար։ Գլխումս այնքան բան էր կատարվում, որ ուղղակի չէի կարող չխաղալ Բրազիլիայի դեմ։ Ուզում էի վայելել յուրաքանչյուր վայրկյանը», Զիդանի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։