Հենրիխ Մխիթարյանի վերջին վնասվածքն ընդգծեց նրա կարևորությունը Ժոզե Մոուրինյուի «Ռոմայի» համար։ Իտալական ակումբում աշխատում են նրա պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ:
33-ամյա հայ ֆուտբոլիստն ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնության վերջին երեք հանդիպումները, և պատահական չէ, որ թիմն առանց նրա 270 րոպեների ընթացքում միայն մեկ գոլ է խփել և վաստակել միայն մեկ միավոր։ «Ռոմայում» հուսով են, որ Մխիթարյանը ժամանակին կվերականգնվի վնասվածքից և կմասնակցի մայիսի 25-ին կայանալիք «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Ռոմայում» վստահ են, որ կարող են Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքել. նրա ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամսվա վերջին, ուստի երկու կողմերը կքննարկեն պայմանագիրը երկարաձգելու հարցը եզրափակիչից հետո:
Դորտմունդի «Բորուսիայի» և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստին հռոմեացիները նախատեսում են առաջարկել երկու տարվա պայմանագիր։