Իտալական «Ռոման» 59-ամյա պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ՝ կիսաեզրափակչի երկու խաղերի արդյունքում 2-1 հաշվով հաղթելով «Լեսթեր Սիթիին»:
Squawka-ն հայտնում է, որ «Ռոման» 1991 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ: Այդ ժամանակ «Ռոման» ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակչում մրցել է «Ինտերի» հետ և երկու խաղերի արդյունքում 1-2 հաշվով պարտություն կրել:
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Ռոման» կմրցի Նիդերլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
Հիշեցնենք՝ «Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 35 խաղից հետո վաստակելով 59 միավոր: