Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին հայտնել է, թե երբ է ավարտելու ազգային հավաքականում իր կարիերան։
Ֆուտբոլիստը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ Իտալիայի հավաքականում իր վերջին խաղը կկայանա հունիսի 1-ին՝ Արգենտինայի հավաքականի հետ խաղում։
«Ուեմբլիում հրաժեշտ կտամ Իտալիային, որտեղ իմ կարիերայի գագաթնակետն ապրեցի՝ հաղթելով Եվրոն: Ցանկանում եմ լավ հիշողություններով հրաժեշտ տալ ազգային հավաքականին։ Սա, անկասկած, կլինի իմ վերջին խաղը Իտալիայի հավաքականում»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Եվրոպայի գործող չեմպիոնների և Հարավային Ամերիկայի չեմպիոնի հանդիպումը կկայանա 2022 թվականի հունիսի 1-ին Լոնդոնում։
ՈՒԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը ստորագրել են համագործակցության նորացված և ընդլայնված հուշագիր, որն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը պայմանավորվել են հանդիպում անցկացնել Իտալիայի և Արգենտինայի հավաքականների միջև։ Հանդիպումը, որը կանցկացվի առաջիկա ամառ, ստացել է «Ֆինալիսիմա» անվանումը։