«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է թիմի՝ «Բոլոնիայի» հետ երեկ անցկացրած խաղի մասին։
Հիշեցնենք՝ հռոմեացիները 2։3 հաշվով պարտվել են սեփական հարկի տակ, իսկ գոլերից մեկը հեղինակել է շարք վերադարձած Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ռոման» 2020 թվականին արդեն 4 պարտություն է կրել ու 13 գոլ բաց թողել․
«Կտեսնենք՝ արդյոք փոփոխություններ անելու կարիք կա՞, թե՞ ոչ։ Գիտեմ, որ հեշտ ժամանակներ չեն։ Ես եմ պատասխանատու արդյունքի համար, ինչպես միշտ։ Պետք է մտածեմ, թե ինչ կարող եմ փոխել և բարելավել՝ հավասարակշռությունը պահելով հանդերձ։ Մրցաշրջանի ընթացքում թիմի խաղում շատ լավ բաղադրիչներ են եղել, կարծում եմ՝ հիմա խնդիրը հոգեբանության մեջ է։
Պետք է աշխատեմ ֆուտբոլիստների հետ ու ստիպեմ նրանց հավատալ, որ կարող են ավելի լավը լինել։ Տղաներին ասել եմ, որ անկախ նրանից հաղթում են, թե պարտվում, ամենակարևորը քաջ լինելն ու առանց վախի խաղալն է։ Ես պետք է տեսնեմ, թե ինչ կարող եմ փոխել»,- ասել է Ֆոնսեկան։