Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփ Թաուն քաղաքի համանուն ստադիոնում այսօր իսկական տոն էր։ Ֆուտբոլային մարզադաշտը ընդունել էր մոլորակի ուժեղագույն թենիսիստներից երկուսին՝ Ռոջեր Ֆեդերերին և Ռաֆայել Նադալին։
Ցուցադրական խաղը բարեգործական նպատակներ ուներ։ #MatchforAfrica-ի շնորհիվ հավաքվեց 3,5 միլիոն դոլար։ Ողջ հասույթը ուղղվեց Ռոջեր Ֆեդերերի ֆոնդին, որը օգնում է Աֆրիկայում կարիքավոր երեխաներին մի շարք հարցերում։
Հանդիպումը սահմանել է թենիսում հաճախելիության նոր ռեկորդ։ Պաշտոնական տվյալներով ստադիոնում 51 954 հանդիսական է եղել։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Ֆեդերերի ու Զվերևի՝ նախորդ տարի Մեքսիկայում կայացած ցուցադրական խաղին։
Մինչ միմյանց դեմ խաղալը կայացավ զուգախաղ։ Ֆեդերերի թիմակիցը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն էր, Նադալինը՝ The Daily Show-ի հաղորդավար, հարավաֆրիկացի Տրեվոր Նոան: Զուգախաղում Ֆեդերերն ու Գեյթսը հաղթեցին։
Ֆեդերերի և Նադալի մրցավեճում ուժեղ գտնվեց շվեյցարացին՝ հաղթելով 6-4, 3-6, 6-3 հաշվով։