2000 թվականին Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ ոչ-ոքի` 0-0 հաշվով ավարտել հանդիպումն այն ժամանակվա ուժեղագույն հավաքականներից մեկի` Նորվեգիայի հետ:
22 տարի անց Բերեզովսկին վերադարձել է Օսլո, վերհիշել լեգենդար հանդիպումը, կիսվել զգացողություններով և խոսել առաջիկա հանդիպման սպասելիքներից.
«Արդեն վերլուծել ենք մեր մրցակցին: Շատ ուժեղ հարձակվող ունեն, մյուս խաղացողներն էլ չեն զիջում: Ամենակարևոր խորհուրդս խաղի ընթացքում սառնասիրտ մնալն է: Չգիտեմ՝ ինչ պահեր կլինեն մեր դարպասին, բայց վստահ եմ՝ մեր դարպասապահը լավ կկատարի իր պարտականությունները:
«2000 թվականին կայացած խաղից 22 տարի է անցել, մի քանի դրվագ հիշում եմ: Ուժեղ թիմ էր, աստղային լավ ֆուտբոլիստներ ունեին այդ ժամանակ: Խաղի վերջնամասում սիրուն գնդակ հետ մղեցի «Չելսիի» խաղացողի հարվածից հետո: Երևանյան խաղում հիշում եմ՝ թիմն ահագին երիտասարդացավ ու այդ երիտասարդներն ավելի մոտիվացված էին: Շատ լավ խաղ անցկացրին:
Կարելի է ասել՝ մեր թիմը հիմա ահագին բալանսավորվել է: Մարզիչը ցույց է տվել՝ բարձր մակարդակ ունի ու կարողանում թիմում բալանսը պահել ու լավ մոտիվացնել տղաներին: Մինչև խաղի սկիզբը ես միշտ դրական արդյունք եմ սպասում ու այդ սպասելիքները տղաներն իրենց խաղով են ապացուցել»,- ասել է Բերեզովսկին ՀՖՖ-ի հետ զրույցում:
Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին.