Այսօր «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ թիմին է միացել 24-ամյա բրազիլացի կոնտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեիրան:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ռոմերսիոն հանդես է եկել Բրազիլիայի Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ֆուտբոլային ակումբում։ Ըստ Transfermarkt պորտալի, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։
Այսպիսով, բրազիլացին դարձավ ՀՊԼ-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը՝ գերազանցելով երևանյան ակումբի մեկ այլ խաղացողի՝ Մաիլսոն Լիմայի ցուցանիշը (450 հազար եվրո)։
Հատկանշական է, որ ՀՊԼ-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստներից 5-ը ներկայացնում են «Արարատ-Արմենիան», երկուսը՝ «Ուրարտուն», մեկը՝ «Նոան»։ Լավագույն ութնյակում միայն մեկ ֆուտբոլիստ է Հայաստանի ներկայացուցիչ՝ Պետրոս Ավետիսյանը («Նոա»)։

























































