Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Թունիսը 4-0 հաշվով ջախջախեց Մավրիտանիային։
Գոլերով աչքի ընկան Համզա Մաթլուտին, Վահբի Հազրին, որը դարձավ դուբլի հեղինակ, և Սեիֆեդդին Ջազիրին։ Այս հաղթանակի շնորհիվ Թունիսը վաստակեց երեք միավոր և F խմբում երրորդն է։ Մավրիտանիան երկու խաղից հետո միավոր չի վաստակել։
E խմբում Կոտ դ’ Իվուարը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Սիերա Լեոնեի հետ։ Իվուարցիների կազմում 12-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց Ֆրանկ Կեսիեն։ 25-րդ րոպեին Սեբաստիան Ալլերը բացեց հաշիվը։ 55-րդ րոպեին Մուսա Նոա Կամարան Սիերա Լեոնեի կազմում դարձավ պատասխան գոլի հեղինակ։ 65-րդ րոպեին Նիկոլյա Պեպեն երկրորդ անգամ առաջ մղեց Կոտ դ’ Իվուարին։ Մրցավարի կողմից ավելացված երրորդ րոպեին Ալհաջի Կամարան երկրորդ անգամ վերականգնեց հաշվի հավասարությունը, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։
Կոտ դ’ Իվուարը չորս միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սիերա Լեոնեն երկու միավորով երկրորդն է։ Խմբի մյուս խաղում կմրցեն Ալժիրը և Հասարակածային Գվինեան։