«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը ցանկանում է պայքարել թիմի մեկնարկային կազմում տեղը վաստակելու համար և մտադիր չէ հեռանալ, չնայած իր ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, ամերիկացի ֆուտբոլիստը մտադիր է մրցակցել Դանի Ալվեշի հետ, սակայն իր ներկայացուցիչները բաց են ցանկացած առաջարկի համար, որոնք կստանան մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը։
Հիշեցնենք, որ Դեստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2020 թվականին «Այաքսից»։ Ընթացիկ մրցաշրջանում ամերիկացի ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։ 2019 թվականից Դեստը հրավիրվում է ԱՄՆ հավաքական։