Բրիտանական FourFourTwo պարբերականը կազմել է 2021-ի լավագույն 50 մարզիչների ցանկը։
Առաջին տեղը զբաղեցրել է «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ 2021-ին թիմը նրա գլխավորությամբ դարձավ Անգլիայի չեմպիոն, հաղթեց Անգլիայի լիգայի Գավաթն ու դուրս եկավ ՉԼ եզրափակիչ։
Առաջին եռյակում են հայտնվել «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը (2-րդ տեղ), որը թիմի հետ հաղթեց ՉԼ-ն ու ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը (3-րդ տեղ)։
Առաջին տասնյակում տեղ են գտել Անտոնիո Կոնտեն՝ 4-րդ տեղ, Հանս-Դիտեր Ֆլիկը՝ 5-րդ, Ռոբերտո Մանչինին՝ 6-րդ, Դիեգո Սիմեոնեն՝ 7-րդ, Յուլիան Նագելսմանը՝ 8-րդ, Գարեթ Սաութգեյթը՝ 9-րդ և Մաուրիսիո Պոչետինոն՝ 10-րդ տեղերում։
Թոփ-50-ը եզրափակել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որն ավելի վաղ գլխավորում էր Կատարի «Ալ-Սադը»։
























































