«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին գոհ չի մնացել Պրիմերայի 13-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղի մրցավարությունից: Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Առաջին կեսում մրցավարը հրաժարվել է 11-մետրանոց նշանակել «Ռեալի» դարպասին՝ Լուկաս Օկամպոսի և Դավիդ Ալաբայի բախումից հետո: Միջադեպն անգամ չեն ուսումնասիրել VAR համակարգով:
«Այն, ինչ կարող էր մեզ դեմ լինել, տեղի ունեցավ: Ինձ ասում են, որ ակնհայտ 11-մետրանոց կար, բայց մրցավարները չեն ցանկանում նայել կրկնապատկերը: Նրանք որոշումներ են կայացնում մեր դեմ: Եվ մենք պետք է դա ընդունենք: Բոլոր դետալները, ներառյալ այդ որոշումը, մեր դեմ էր»,- Լոպետեգիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Ռեալը» 14 խաղից հետո 33 միավոր է վաստակել և իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում: «Սևիլիան» 28 միավորով գտնվում է 4-րդ տեղում: