ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է պաշտպան Սերխիո Ռամոսի հետ հարաբերությունների մասին։ Արգենտինացու խոսքերն է ներկայացրել Marca-ն։
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում Սերխիո Ռամոսի հետ նույն հանդերձարանը կիսելիս այն ամենից հետո, ինչ ապրել եք Իսպանիայում, որտեղ դուք մրցակիցներ էիք։
-Հիմա ոչինչ, բայց սկզբում տարօրինակ էր մրցակցության այդքան տարիներից հետո, երբ մենք «Բարսայի» ու «Ռեալի» ավագներն էինք, այդքան խաղացած կլասիկոներից, խաղադաշտում եղած այդքան կռիվներից հետո․․․
Բայց ամեն ինչ այնտեղ է մնացել, և մենք միշտ շատ ենք հարգել իրար՝ անկախ կլասիկոների մրցակցությունից։ Նրա թիմակիցը լինելը հիմա հիանալի է։ Քիչ-քիչ նա միանում է մեզ, ու, հուսով եմ, որ հնարավորինս արագ կսկսի խաղալ, որովհետև նա ֆունդամենտալ ֆուտբոլիստ կլինի, որը կօգնի մեզ պայքարել մեր առջև դրված նպատակների համար։
-Սերխիոն այնպիսի՞ն է, ինչպիսին Դուք պատկերացնում էիք։
-Ես արդեն ճանաչում էի նրան։ Ճիշտ է, որ մենք հատուկ չէինք շփվում, բայց Լա լիգայում մեր ճանապարհները բախվել են երկար տարիներ, մենք շատ անգամ ենք զրուցել։ Ես արդեն հասկանում էի՝ ինչպիսին է նա։ Հիմա, Փարիզում, մենք ավելի հաճախ ենք շփվում, ու ես տեսնում եմ, որ նա գերազանց մարդ է։
























































