«Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հրավիրվել է իր երկրի ազգային հավաքական, սակայն փարիզյան ակումբը կարող է թույլ չտալ վերջինիս՝ միանալու ազգային ընտրանուն։
Ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն իր կարծիքն է հայտնել այս թեմայի վերաբերյալ։
«Ակումբը դեմ է որևէ խաղացողի՝ իր ազգային թիմին միանալուն, եթե այդ խաղացողը դեռևս ամբողջովին չի ապաքինվել վնասվածքից։ Դա շատ սխալ որոշում կլինի, եթե ֆուտբոլիստը չապաքինված վիճակում միանա իր հավաքականին։ ՖԻՖԱ-ն նույնպես պետք է ուշադրություն դարձնի նմանատիպ դեպքերին»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Մեսին վնասվածքի պատճառով բաց է թողել ՊՍԺ-ի վերջին հանդիպումները։ Արգենտինայի հավաքականն իր հերթին երկու կարևորագույն հանդիպում ունի անցկացնելու աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Արգենտինացիների մրցակիցներն են Ուրուգվայը և Բրազիլիան։