Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում «Կադիսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային»:
Թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասն ու խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Առաջին խաղակեսում, թեև գնդակին տիրելու առումով «Բարսան» ահռելի առավելություն է ունեցել՝ 78,2%-ը 21%-ի դիմաց, այդուհանդերձ 3 հարված է կատարել, բայց ոչ մեկը՝ մրցակցի դարպասին: «Կադիսն» առհասարակ ոչ մի հարված չի կատարել: Պատկերն ամբողջովին փոխվեց երկրորդ խաղակեսում. տանտերերը սկսեցին շատ ավելի ակտիվ գործել ու ուղիներ փնտրել դեպի կատալոնացիների դարպասը՝: Արդյունքում «Կադիսի» ֆուտբոլիստները 8 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, չնայած կատալոնացիները մինչև խաղավարտ պահպանեցին գնդակին տիրելու բավականին մեծ առավելությունը:
Երկրորդ կեսի միջնամասում՝ 77-րդ րոպեին, «Բարսելոնան» մնացել է 10 հոգով, երբ Ֆրենկի դե Յոնգը, 4 րոպեում երկու դեղին քարտ ստանալով, հեռացվել է խաղադաշտից ու դժվարին կացության մեջ դրել իր թիմին:
Այդուհանդերձ, թվային առավելությունից օգտվել «Կադիսը» չի կարողացել:
Նշենք՝ Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 68-րդ րոպեին մեր հավաքականի ֆուտբոլիստը զգուշացվել է դեղին քարտով:
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» իր միավորների թիվը հասցրել է 9-ի և բարձրացել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը. նշենք՝ կատալոնացիները մեկ խաղ պակաս են անցկացրել: «Կադիսը» ևս առաջադիմել է մեկ հորիզոնականով. թիմն այժմ գտնվում է 14-րդ տեղում՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր: