«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Խավյեր Էրնանդեսը խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ իր առաջին հանդիպման մասին։ Էրնանդեսը խոստովանել է,որ առաջին հեռախոսային զրույցի ժամանակ ինքը ոչինչ չի հասկացել մարզչի շոտլանդական ակցենտի պատճառով։
Էրնանդեսը ՄՅՈՒ է տեղափոխվել մեքսիկական «Չիվասից» 2010 թվականին։ ՄՅՈՒ-ի կազմում մեքսիկացին երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում։
«Ինձ զանգահարեց սըր Ալեքս Ֆերգյուսոնը։ Եվ դա կյանքիս ամենադժվար զրույցներից մեկն էր։ Նրա շոտլանդական ակցենտը, Աստված իմ։ Ես այն ժամանակ դեռ չէի հարմարվել այդ ամենին, շատ դժվար էր հասկանալը։ Հեռախոսը սեղմել էի ականջիս։
Նա ինձ զանգահարել էր Մանչեսթերից, իսկ ես Գվադալախարայում էի։ Մենք այդ ժամանակ առաջին անգամ խոսեցինք։ Ես երբեք այդքան կենտրոնացած չէի եղել հեռախոսազրույցին։
Մեր առաջին հանդիպումը հիանալի էր։ Ես ժամանեցի Մանչեսթեր, նա ցանկացավ միասին ճաշել, հրավիրեց նաև իմ ընտանիքին։ Շատ հաճելի էր, թե նա ինչպես էր վերաբերվում ինձ ու իմ ընտանիքին։ Այդ ժամանակ ես հասկացա, որ նրա համար պատրաստ եմ մեռնել խաղադաշտում։ Դա հաստատ։
Ֆերգյուսոնը զարմանալի մարդ է»,- Էրնանդեսի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի քարտուղարությունը։