Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ ընդունել է «Օսասունային» և թրիլերային խաղում 2-3 հաշվով պարտություն կրել։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալեքս Ֆերնանդեսը․ նա նախ 16-րդ րոպեին բացել է հաշիվը, ապա 66-րդ րոպեին՝ 1-1 հաշվի պայմաններում, անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու առաջ մղել իր թիմին։ «Օսասունայի» կազմում պատասխան գնդակը հեղինակել է Կիկեն՝ 60-րդ րոպեին դարձյալ 11-մետրանոցից դառնալով գոլի հեղինակ։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Ռոբերտո Տոռեսը փրկել է իր թիմին պարտությունից՝ հերթական 11-մետրանոց հարվածից հետո հավասարեցնելով հաշիվը։ Այսքանով հյուրերը չեն բավարարվել․ 90+5-րդ րոպեին էլ Դավիդ Գարսիան խփել է հաղթական գնդակը՝ Տոռեսի փոխանցումից հետո գրավելով տանտերերի դարպասն ու կամային հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է ընդմիջմանը։ Մինչ այդ՝ 36-րդ րոպեին, Հարոյանը զգուշացվել է դեղին քարտով։
Այս հանդիպումից հետո «Կադիսը» 2 միավորով նահանջել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Օսասունան» 5 միավորով բարձրացել է 8-րդ հորիզոնականը։