«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն բանակցություններ է վարել «Մանչեսթեր Սիթիի» հետ ու մոտ է եղել այնտեղ տեղափոխությանը։ Այնուամենայնիվ, արդյունքում հարձակվողը տեղափոխվեց ՄՅՈՒ․ «կարմիր սատանաները» տրանսֆերի մասին հայտարարեցին օգոստոսի 27-ին։
«Հիասթափվա՞ծ եմ։ Դա ճիշտ բառ չէ։ Մենք լավ կազմ ունենք, բայց լավ է, որ նման մակարդակի խաղացողը, ինչպիսին Ռոնալդուն է, վերադառնում է Անգլիա։ Ուրախ եմ դրա համար»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BTSport-ը։
Անգլիական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Ռոնալդուն հրաժարվել է «Ման Սիթի» տեղափոխվելուց Գվարդիոլայի հետ զրուցելուց հետո։ Վերջինս նրան մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել։