Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» ընդունել էր ղազախական «Կայրաթին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավարտին Ալեքսանդր Գլիշիչը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Ալաշկերտին»։
Այսպիսով, «Ալաշկերտն» առնվազն ապահովեց տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու Եվրոպա լիգայի փլեյ–օֆֆում կխաղա Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռենջերսի» հետ։
Հանդիպումից հետո հաղթական գոլի հեղինակ Գլիշիչը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․
«Ինչ երեկո էր հայկական ֆուտբոլի, այս ակումբի ու մեզ համար: Մենք պատմություն կերտեցինք այսօր ու ցույց տվեցինք, որ ցանկացած բան հնարավոր է, երբ դու հավատում ես դրան ու ուզում ես դա:
Այս գոլն ու հաղթանակը ձեզ բոլորիդ համար է` իմ սիրելի հայեր: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է ֆուտբոլիստը: