«Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը «Ուրարտուից» կրած պարտությունից և ՀՊԼ-ում նորամուտը նշելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
-Խաղից ի՞նչ տպավորություններ ունեք:
-Գիտեինք, որ ծանր խաղ է լինելու:«Ուրարտուն» նախորդ մրցաշրջանում առաջատարներից էր, թիմը գրեթե չի փոխել կազմը, գլխավոր մարզիչն էլ նույնն է մնացել, խաղակցված են: Պատրաստվել էին Կոնֆերենցիաների լիգային, ֆունկցիոնալ առումով լավ վիճակում էին… մենք այդ ամենը գիտեինք ու պատրաստ էինք, բայց երկրորդ խաղակեսի մեկնարկում արագ գնդակը ամեն ինչ փոխեց: Պարտվեցինք 0-3 հաշվով, շնորհավորում եմ «Ուրարտուին», արժանի հաղթանակ տարան:
Սա ֆուտբոլ է: Եղան դրվագներ, որ եթե բախտը մեր կողմից լիներ, գուցե խաղը այլ կերպ դասավորվեր, սակայն կրկնում եմ՝ «Ուրարտուն» արժանիորեն հաղթանակ տարավ:
-Կխնդրեմ խոսեք Առաջին խմբի ու Պրեմիեր լիգայի տարբերությունների մասին: Զգացվո՞ւմ էր ֆուտբոլիստների մոտ այդ տարբերությունը:
-Ահռելի են տարբերությունները, ինչը ցավալի է: Առաջին լիգայից Պրեմիեր լիգա եկած ու առաջին րոպեից դաշտում անցկացրած խաղացողներն այնպես չէ՝ վատ տպավորություն թողեցին: Լավ խաղացին, նորմալ էր ամեն ինչ: Մեր խնդիրն այն է, որ մեր նորեկները, ովքեր շատ լավ ֆուտբոլիստներ են, արձակուրդից են միացել մեզ,միայն 2-3 շաբաթ ժամանակ ենք ունեցել թիմը հավաքելու, սելեկցիա անելու համար, բնականաբար նրանք ֆունկցիոնալ առումով պատրաստ չեն, խաղակցված չեն: Հիմնականում սա է մեր խնդիրը, ոչ թե այն, որ Առաջին լիգայից եկել ենք Պրեմիեր լիգա:
-Զգացվում է, որ հիմնական շեշտը հայ ֆուտբոլիստների վրա եք դրել: Արդյոք հայ ֆուտբոլիստների մեկնարկային կազմ դուրս բերելով՝ ցանկանո՞ւմ էիք ուշադրություն հրավիրել նրանց վրա՝ Ազգային հավաքական հրավիրվելու համար:
-Միանշանակ շատ հաճելի կլինի ակումբի համար, եթե մեկնարկային կազմում կամ հայտացուցակում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ ունենանք, բայց որ ասեմ լուրջ շեշտ ենք դնում հայ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տրամադրելու վրա, դեմագոգիայով կզբաղվեմ: Մենք դաշտ ենք դուրս բերում այն խաղացողներին, ովքեր այդ պահին արժանի են: Նույն հայ ֆուտբոլիստները թող մրցակցությունը հաղթելով խաղաժամանակ ստանան, ոչ թե զուտ այն պատճառով որ իրենց անձնագիրը հայկական է: Ինձ համար հաճելի է, որ նախապատրաստական շրջանում ու առհասարակ Առաջին լիգայում անցկացրած ժամաակահատվածում որոշ հայ խաղացողներ շահել են իմ վստահությունը ու ես նրանց խաղաժամանակ եմ տրամադրելու, բայց բնականաբար դա պետք է շարունակական լինի նրանց կողմից: Եթե այնպես ստացվի, որ այսօրվա խաղում պահեստայինների նստարանին նստած օտարազգի խաղացողներից մեկը հաղթի մրցակցությունը հայ ֆուտբոլիստի հետ պայքարում, ապա միանշանակ օտարազգի ֆուտբոլիստն է խաղալու: Ֆուտբոլը զարգանում է մրցակցության շնորհիվ: Թող հաղթեն մրցակցությունն ու խաղան, ոչ մի խնդիր չեմ տեսնում:
-Խաղում էիք մի թիմի դեմ, որի հետ բավականին երկար ճանապարհ եք անցել: Անձամբ Ձեզ համար լրացուցիչ մոտիվացիա կա՞ր այդ առումով:
-Բացարձակապես: Ես պրոֆեսիոնալ կերպով եմ անում իմ գործը: Ինձ համար ընդհանրապես կապ չուներ այսօր խաղում եմ «Ուրարտուի» դեմ, թե «Փյունիկի»: Դաշտ էինք դուրս եկել հաղթանակի համար: Այսօր այսպես ստացվեց: Վաղը կարող է այլ կերպ ստացվել: Ես շատ սիրում եմ «Ուրարտուն»: Բավականին երկար ժամանակահատված աշխատել եմ այդ ակումբում, ու միայն ամենաբարիք եմ մաղթում ու շնորհավորում: Չկար ոչ մի ավելորդ էմոցիանալ պահ: Մոտիվացիան գտնվում էր այն բարձր աստիճանի վրա, որով խաղալու եմ բոլոր մնացած 9 թիմերի դեմ: