ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցելու է Վրոցլավի «Շլյոնսկի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։
Հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսին է ներկայացել «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
-Կբնութագրե՞ք մրցակցին։
-Կարծում եմ՝ «Շլյոնսկը» շատ լավ թիմ է։ Աշխատում են արագ ֆուտբոլ խաղալ։ Վտանգավոր թիմ է, և մենք պետք է մեր լավագույն խաղ ցուցադրենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք։
— «Ֆեհերվարի» հետ խաղում երկրպագուները լավ աջակցություն ցույց տվեցին։ Ի՞նչ կասեք նրանց այս խաղից առաջ։
— Շատ շնորհակալ ենք աջակցության համար։ Մեզ համար շատ կարևոր է նման աջակցությունը։ Հույս ունենք, որ վաղվա խաղին ավելի շատ երկրպագու ներկա կլինի ու ավելի մեծ աջակցություն կցուցաբերեն։
— Ինչը՞ կարող է լինել այս խաղում ձեր հաղթաթուղթը և արդյոք թիմի մոտ հոգնածություն կա։
— Կարծում եմ, որ հոգնածություն չկա, թիմը վերականգնվել է։ Վաղվա խաղում նույնպես կարևոր է հավատն ու նվիրումը մեր կողմից։ Պետք է խաղանք առավելագույնս կարգապահ ու մեր լավ խաղը ցույց տանք և այդ դեպքում կհասնենք դրական արդյունքի։
— «Ֆեհերվարի» հետ խաղում հենակետային դիրքում խաղում էր Դիմիտրիյե Պոբուլիչը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա խաղն այդ դիրքում և ընդհանուր ձեր համագործակցությունը։
— Պոբուլիչը լավ խաղաց, ինչպես ամբողջ թիմը։ Կարևորը կատարեցինք մեր առջև դրված խնդիրը։